


Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Այդ մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը:
«Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հւլիսի 10-ի վաղ առավոտից Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ անդամների տներում, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի: Խուզարկություններ են կատարվել նաեւ ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանի, Եղվարդ համայնքի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանի տներում: Կան ձերբակալվածներ:
Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել ընդդիմադիր ներկայացուցիչների, այդ թվում ՝ ՀՅԴ անդամների տներում ձերբակալություններն ու խուզարկությունները։ Հատկանշական է, որ այս խուզարկություններն ու ձերբակալությունները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայից վերադառնալուց անմիջապես հետո: Իսկ այսօր ՀՅԴ-ականների տներում խուզարկությունները համընկել են Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրվա հետ:


