


Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբ:
"Որպես ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի փոխնախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Հայաստանի ընդդիմության վերջին ձերբակալությունների առնչությամբ, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայոց եկեղեցու հոգևորականների։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կառուցված են ժողովրդավարության ընդհանուր հանձնառության վրա։ Այսօր այդ մտահոգությունները փոխանցել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին", - թվիթերյան (X) իր էջում գրել է Բրեդ Շերմանը:
Ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակությունում, ի պատասխան մտացածին պատրվակներով ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները մեկնաբանելու "168 ժամի" խնդրանքին, հայտարարել էին, որ դա Հայաստանի ներքին գործն է։
Հետաքրքրական է, որ մինչ հայտնի "թավշյա հեղափոխությունը" Եվրամիությունը և ԵՄ ու հավաքական Արևմուտքի բոլոր երկրները արձագանքում էին ցանկացած տեսակի ներքաղաքական գործընթացների ՝ պահանջելով հարգել մարդու համընդհանուր իրավունքները:
Նշենք, որ երկրում արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով ընթանում են ընդդիմադիր գործիչների խուզարկություններ ու ձերբակալություններ։ Իշխանության զավթում նախապատրաստելու մեղադրանքով հունիսի 26-ին ձերբակալվել են "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցները՝ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Ավելի ուշ ձերբակալվել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Դրան նախորդել էր հունիսի 19-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը՝ Եկեղեցուն աջակցելու համար: Ավելի ուշ ուժայինները սկսել են մղձավանջի ենթարկել Կարապետյանի բիզնեսը Հայաստանում։



