


Արմինֆո. ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պաշտպանել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին, ով ավելի վաղ կալանավորվել էր Երևանում:
"Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում: Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում։ Ինչպես Փաշինյանը՝ թիրախավորելով Սամվել Կարապետյանին։ Մի մարդու, որը ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար", - ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։


