
«Ադրբեջանական լոբբի» տերմինը շատերին է մոլորության մեջ գցում: Սակայն, երբ գործը հասնում է Թուրքիայի քաղաքականության վրա ադրբեջանական ազդեցությանը, ապա այստեղ գործում է ոչ թե բուն լոբբին, այլ, ավելի շուտ, երկու գործոնների զուգակցումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Հարավային Կովկասի գծով վերլուծաբան Նիգյար Գյոքսելը` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Դրանցից մեկը ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից երկրի ազգային շահերի գնահատումն է: Մյուս գործոնը հասարակության լայն հատվածի զգացմունքներն ու շահերն են: Առաջին գործոնի առումով Թուրքիան առավելություն ունի Ռուսաստանի հետ իր տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունում, նախևառաջ, Բաքվի համար Թուրքիայի գերակայության պատճառով` մի շարք բնագավառներում, առաջին հերթին, էներգետիկայի և փափուկ ուժի ոլորտում», - նշում է վերլուծաբանը:
Գյոքսելի գնահատմամբ, Անկարայի ռազմավարական մտածողներն այդ փոխադարձ կապի սպառնալիքը դիտարկում են որպես «Ռուսաստանի բոստանը նետված քար»: Կան նաև սովորական տնտեսական շահեր, հաշվի առնելով, որ Թուրքիան խոշորագույն ներդրող է Ադրբեջանի ոչ էներգետիկ հատվածում:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն իր հերթին առաջատար ուղիղ օտարերկրյա ներդրող է Թուրքիայում, և Ադրբեջանը Թուրքիային բնական գազ է վաճառում` մյուս մատակարարների համեմատ ամենացածր գներով: Այս իրողությունների լույսի ներքո «լոբբի» բառը վերլուծաբանին թվում է ռեդուկցիոնիստական:
«Միևնույն ժամանակ, հասարակությունում կա մի մաս, այդ թվում` ռազմավարական մտածողների և հասարակական կարծիքի առաջատարների շրջանից, որը կարծում է, թե Թուրքիայի քաղաքականությունը պետք է պակաս չիափով կախված լինի Բաքվից, և որ Բաքվի հետ լիակատար համաձայնեցումը Թուրքիային զրկում է խաղացողի ունակությունից: Սակայն այն հանգամանքը, որ այդ կարծիքը փոխակերպում է Թուրքիայի քաղաքականության պարամետրերը, կարճաժամկետ հեռանկարրում անհավանական է: