


ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների արդյունքում Ֆինանսների նախարարությունը լուրջ խախտումներ չի հայտնաբերել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նա նշել է, որ Ծառուկյանի 6 ձեռնարկությունում ստուգումներն արդեն ավարտվել են, մեկում՝ դեռ շարունակվում են: ՙ6 ձեռնարկությունում մենք հատկապես խոշոր չափերի չարաշահումներ չենք արձանագրել: Նշեմ, որ ստուգումներին մասնակցել են նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները: Այժմ ստուգումները շարունակվում են ՙԱրարատ՚ ցեմենտի գործարանում՚,- նշել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ գործընթացն սկսվել էր չարաշահումների վերաբերյալ չստուգված տեղեկատվությունը ճշտելու համար: ՙՄեզ հանձնարարվել է ստուգել տեղեկատվությունը, բայց խախտումներ չեն արձանագրվել: Ասեմ նաև, որ մենք ստուգումներ ենք անցկացրել օրենքի շրջանակներում՚,- նշել է նախարարը:
Ավելի վաղ ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացրել Գագիկ Ծառուկյանի գործունությունն ստուգելու վերաբերյալ նախագահի փետրվարի 12-ի հանձնարարականների կատարման մասին:



