Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ինչպես նաև քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ: Այդ մասին տեղեկանում ենք դատաիրավական տեղեկատվության Datalex պորտալից։
Բոլոր երեք անձանց դեմ հայցերում գործարարը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և 9 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Ավելի վաղ նա համանման հայցեր էր ներկայացրել էր "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության երկու պատգամավորների դեմ։
Մասնավորապես, Կարապետյանը Նազելի Բաղդասարյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իր հասցեին վիրավորական արտահայտությունների համար, որոնք թույլ է տվել իր ֆեյսբուքյան էջի հրապարակումներում:
Կարապետյանը դատական կարգով Բաղդասարյանից պահանջում է հերքել իր այն պնդումները, թե, իբր, գործարարն իրեն սրբադասել է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նկարի առկայության պատճառով, ինչպես նաեւ այն մասին, թե ինքը "Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտում է այլ երկրի հրահանգով ՝ պետականությունը խարխլելու նպատակով":
Չախոյանի դեմ հայցում Կարապետյանը հրապարակային ներողություն է պահանջում վիրավորական արտահայտությունների համար, որոնցում նա գործարարին կասկածում է լրտեսական գործունեության մեջ:
Կարապետյանը հրապարակային ներողություն է պահանջում է նաև քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ "Հայկական ժամանակ" և "Երկիր" լրատվամիջոցների համար հարցազրույցի ժամանակ արված, ինչպես նաև "Ֆեյսբուք" - ում հրապարակված այն հայտարարությունների համար, թե Սամվել Կարապետյանը 17.06.2025թ. իր հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, այլ այդ պատրվակով ծրագրել է քաղաքականությամբ զբաղվել Հայաստանում, գործելով որպես գործակալ՝ ի վնաս երկրի։
Բոլոր երեք հայցերով էլ, հերքման տեքստը Ֆեյսբուքում տեղադրելու անհնարինության դեպքում, Կարապետյանը պահանջել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանրապետության ողջ տարածքում առնվազն 5000 տպաքանակով տարածվող ցանկացած տպագիր թերթում հանդես գալ հերքմամբ՝ հրապարակելով նույն հերքման տեքստը:
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում)։ Նրան մեղսագրվում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։