Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները բավարարել են գլխավոր դատախազի միջնորդությունը՝ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ:
Ինչպես ԱԺ արտահերթ նիստում հաղորդել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր: Նրանք բոլորը կողմ են քվեարկել իրենց գործընկերոջ նկատմամբ քրեական հետապնդմանը։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։ Ավելի վաղ ներկայացնելով միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել էր, որ Արծվիկ Մինասյանը, ով 2016թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնում էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին: Մասնավորապես, Արծվիկ Մինասյանին տեղեկացվել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-2015թթ. ընթացքում ապօրինարաբ զբաղեցրել է "Սևան ազգային պարկ" ՊՈԱԿ-ի տարածքի մեջ մտնող և ՀՀ-ին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դրախտիկ համայնք, 1-ին փողոց, 71 շենք հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողամասը, նշված տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ ՝ շինարարության իրավունքի բացակայության դեպքում: Գլխավոր դատախազի խոսքով ՝ Արծվիկ Մինասյանը, տիրապետելով վերը նշված տեղեկատվությանը, ելնելով խմբային շահերից, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված խախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ, չի ապահովել օրինական պատասխանատվության միջոցների կիրառումը համապատասխան անձանց նկատմամբ: