ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կցանկանար ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հասցեական գնահատականեր լսել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, համանախագահների աշխատանքն ուղղված էր հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն, նրա կարծիքով, ժամանակն ու պայմանները փոխվել են: ՙԿցանկանայինք հասցեական գնահատականներ և հայտարարություններ լսել: Պետք է գնահատական տալ խախտող կողմի գործողություններին՚,- նշել է նա:
Օհանյանը նշել է նաև, որ հայկական կողմերը վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում: Նրա խոսքով, հակառակորդի ակտիվությունը վերջին երկու շաբաթում նվազել է: ՙՎերջին ժամանակներս խոշոր տամաչափի զենքից, մասնավորապես՝ ականանետերից, ավելի քիչ կրակոցներ են կատարվում, ինչը կարող է կապված լինել տարբեր գործոնների, այդ թվում՝ Ադրբեջանի ներքին իրավիճակի հետ՚,- հայտարարել է նա: Ըստ որում, նախարարը չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին կամ դրանից հետո իրավիճակը կրկին կսրվի:
Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 28-ին Բաքվում հայտարարել է, որ հնարավոր չէ պարզել, թե որ կողմից է կրակ բացվել: Նա հայտարարել է նաև, որ մինչև տարեվերջ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: