Արմինֆո. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը գնահատում է որպես դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ դատախազությանը և քննչական մարմնին ուղղված հրաման կամ հանձնարարական: Այդ մասին ասվում է արքեպիսկոպոսի փաստաբանների խմբի հայտարարության մեջ։
Նշվում է, որ հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջից հանդես է եկել հրապարակային գրառմամբ, որում նաև նշել է հետևյալը. "Այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել":
Արքեպիսկոպոսի փաստաբանական խումբը վարչապետի այդ հայտարարությունը համարում է հանձնարարություն իրավապահ մարմիններին՝ Մայր Աթոռում խուզարկություն կամ կալանավորում կատարելու վերաբերյալ:
Վարչապետի գրառմանն արձագանքել է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ "Գերագույն սրբապիղծը ֆեյսբուքով փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը։ Այդ գործողությանը մասնակից բոլոր «իրավապահները» ինձ համար մեկին-մեկ նույնացվելու են 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած ելուզակներին", - գրել է Մելիքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին: «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար», - գրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի իր էջում։