


Խորհրդարանական կառավարում ունեցող երկրներն իրենց տնտեսական կայուն աճի ցուցանիշներով երբեք չեն եղել լավագույնների շարքում: Նոյեմբերի 3-ին առաջիկա սահմանադրական հանրաքվեի թեմայով մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, բարեփոխումների նախաձեռնողների գլխավոր փաստարկը – դեմոկրատիայի մակարդակի բարձրացումն է երկրում: Բագրատյանը չի հավատում, որ միապալատ խորհրդարան ունեցող երկրում կարող է լինել որոշումների ընդունման ժողովրդավարոթյուն: Ելնելով դրանից, նրա կարծիքով, պետք չէ սպասել նաև տնտեսական աճի: «Խորհրդարանական կառավարում ունեցող երկրներն իրենց տնտեսական ցուցանիշներով երբեք չեն եղել լավագույնների շարքում»,-նշել է նա, ընդգծելով, որ տնտեսական աճի 80%-ն ընկնում է նախագահական կառավարումով երկրներին: Նա նշել է, որ երբ չկա ազնիվ մրցակցություն, ապա շուկայի ազատականացման մասին խոսելն ավելորդ է:
Դրա համար էլ նա հասարակությանը կոչ է անում գնալ հանրաքվեին և քվեարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ, նշելով, որ չմասնակցելու դեպքում իշխանություններն արդյունքները կեղծելու ավելի մեծ շանսեր կունենան:
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ՀՀԿ շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սահմանադրական հանրաքվեի դեմ ձևավորվել է 2 ճակատ` «Ոչ»-ը, որի շտաբը կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և«Նոր Հայաստան»-ը, որի շտաբը գլխավորելու է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:



