Արմինֆո."Միջազգային քրիստոնեական համերաշխություն" կազմակերպությունը (CSI) վերստին կոչ է անում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Միջազգային դատարանի որոշումը: Այդ կոչը կրոնական կազմակերպությունը հրապարակել է Twitter-ի (X) իր էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին հաղորդել է, որ գրեթե 22 ամսվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար էթնիկ հայերի վտարեց իրենց հայրենիքից, Ադրբեջանը "աղաղակող արհամարհանք" է ցուցաբերել միջազգային իրավունքի եւ Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի նկատմամբ:
Կազմակերպությունում ընդգծել են, որ հուլիսի 3-ին Ժնեւում կայացած խորհրդի նստաշրջանում ՄԱԿ-ի գլխավոր ներկայացուցիչ Աբի Մակդուգալը GSI-ի անունից հանդես է եկել հայտարարությամբ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ:
"Տեղահանությունից երկու ամիս անց՝ 2023 թվականի նոյեմբերին, Միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է "ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո լքել են Լեռնային Ղարաբաղը և ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և շուտափույթ կերպով"։ Միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է կատարել այդ հրամանը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան", - խորհրդին հիշեցրել է Մակդուգալը։
Բացի այդ, Միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է "պաշտպանել և պահպանել Լեռնային Ղարաբաղից փախած հայերի գրանցման, անձը հաստատող և անձնական գույքային փաստաթղթերն ու գրառումները":
"Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն չի կատարել այդ որոշումը, այլև ակտիվորեն ոչնչացնում է հայերին պատկանող տները, գույքը և ամբողջ գյուղեր, ինչը շատ դեպքերում անհնար է դարձնում դատարանի այդ որոշման կատարումը", - ասել է Մակդուգալը:
Ինչպես եւ մարտ ամսին, CSI-ը Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարողանան վերադառնալ տուն:
Կազմակերպությունում նաև հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տեղահանվել է ադրբեջանական ռազմական գործողության ընթացքում, որը սկսվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի կողմից իննամսյա շրջափակումը ինքնավար տարածաշրջանը թողել էր առանց սննդի և բժշկական սպասարկման հասանելիության: