
Շատ շուտով մենք կտեսնենք, որ Իրանի հետ միջուկային գործարքը կազդի Կովկասում Թուրքիայի քաղաքականության վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Հարավային Կովկասի գծով վերլուծաբան Նիգյար Գյոքսելը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցում` մեկնաբանելով Թուրքիայի տարածաշրջանային դերի փոփոխությունն Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացման լույսի ներքո:
«Սառը պատերազմի ավարտից ի վեր Թուրքիայի դերն Իրանին և Ռուսաստանին զսպելն էր, ինչը Թուրքիային Արևմուտքի աչքում ռազմավարական կարևորություն էր հաղորդում Հարավային Կովկասում: Ժամանակի ընթացքում Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները կվերականգնվեն, իսկ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը Կովկասում Արևմուտքի համար կնվազի: Ժամանակի ընթացքում կարող է նաև աճել Իրանի ակտիվությունը Կովկասում` մեծ մրցակցություն կազմելով Ռուսաստանի և Թուրքիայի համար: Սակայն այդպիսի դինամիկայի համար ժամանակ կպահանջվի, շուտափույթ արդյունք ակնկալելու հարկ չկա», - ընդգծել է վերլուծաբանը:
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Գյոքսելը կանխատեսում է, որ միջուկային գործարքի արդյունքում Իրանի հնարավորությունների ընդլայնումը կարող է Թուրքիայի և Իրանի միջև ավելի ինտենսիվ մրցակցություն հարուցել Հարավային Կովկասում: Սակայն, որպեսզի միջուկային գործարքի հետևանքներից անցում լինի դեպի վստահության ամրապնդում և Կովկասում Իրանի քաղաքական ակտիվություն, ժամանակ է պահանջվում, քանի որ պատժամիջոցները վերացվելու են աստիճանաբար:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը նշում է, որ Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունները լարված են Սիրիայի պատերազմի և նրա ապագայի հարցերում տարաձայնությունների առնչությամբ: Իսկ Սիրիայի թատերաբեմում Իրանն ու Ռուսաստանը գործում են համատեղ` Ասադի վարչակազմի անունից: Ու թեև տնտեսական առումով Թուրքիայի մասնավոր հատվծին ձեռնտու է պատժամիջոցների վերացումը, միջուկային գործարքի միջոցով Իրանի ռազմավարական ամրապնդումը առիթ է Թուրքիայի մտահոգության համար: