Արմինֆո. Երևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ սահմանադրության օրվան։
Մասնավորապես, հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին:
Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին: