Արմինֆո. Արվեստագետներն այսօր կարևոր առաքելություն ունեն, քանի որ երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձով: Հուլիսի 4-ին նման կարծիք է հայտնել Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ "Ավեստաբանների խնդիրները. պատճառներ և լուծումներ" թեմայով գիտաժողովի ժամանակ:
Նա ցավով նշել է, որ 2020 թվականի արցախյան պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ պետական քաղաքականության շրջանակներում, այդ թվում ՝ մշակութային ոլորտում ռիսկերի կառավարման մեխանիզմները չեն գործել։ Արդյունքում, ըստ Աղաբալյանի, Արցախի շարժական մշակութային ժառանգությունը մնացել է թշնամու ձեռքում։
Ինչ վերաբերում է այսօր սպասվող ռիսկերին, նախկին նախարարը նկատել է, որ եթե այդ ուղղությամբ գործողությունները շարունակվեն չհամակարգված, ապա մենք կկորցնենք ինչ-որ բան փրկելու վերջին հնարավորությունը:
«Իրավիճակից դուրս գալու լուծումները կարող են տարբեր լինել: Անշուշտ, այսօր իրատեսական չէ նաև վերականգնել, վերագործարկել մշակութային խմբերն ու կազմակերպությունները, բայց կարելի է ստեղծել մշակութային կենտրոններ, որտեղ կստեղծվի համապատասխան միջավայր։ Նման միջավայրում վերադարձի հույսն ավելի շոշափելի կդառնա», - ասել է նա։
Ավելի խոցելի վիճակում են, ըստ նախկին նախարարի, գալիք սերունդները, որոնք չեն հասցրել ճանաչել Արցախը և արդեն զրկված են այդ հնարավորությունից: Այդ համատեքստում Նարինե Աղաբալյանը պատմել է այն նախագծի մասին, որը "Մենք ենք, մեր սարերը" հիմնադրամն իրականացնում է "Գյուլբեկյան" հիմնադրամի հետ միասին: Խոսքը էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին է, որտեղ ամբողջական տեղեկատվություն կհավաքվի Արցախի ոչ նյութական ժառանգության մասին։
"Մենք կփորձենք այն դարձնել հիմնական պահոց, այսպես ասած, քրեստոմատիա, որը կծառայի ինչպես հետազոտողների, այնպես էլ հասարակության համար, եւ կապահովի տեղեկատվության փոխանցումը գալիք սերունդներին", - ընդգծել է Աղաբալյանը: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվում են նման նախաձեռնություններ, նախկին պաշտոնյան կարևորել է ջանքերի միավորումը ՝ միասնական նման հարթակ ստեղծելու համար, որն առավել արդյունավետ կծառայի բոլոր նպատակներին:
Նշենք, որ, տարբեր տվյալներով, Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է մնացել 28 թանգարան, որոնցից 12-ը՝ Շուշիում, 5-ը՝ Ստեփանակերտում, 4-ը՝ Հադրութում, 3-ը՝ Մարտունու շրջանում, և 2-ական՝ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: