Արմինֆո. Գործարար Սամվել Կարապետյանը, անգամ կալանքի տակ գտնվելով, հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է նրա որդին՝ Սարգիս Կարապետյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին իրենց աջակցությունն են հայտնել իր ընտանիքին: "Դա իսկապես մեզ ուժ է տալիս պայքարելու հանուն ճշմարտության, հանուն մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության", - ասել է Կարապետյանը:
«Մարդկանց մի փոքր խումբ ցանկանում է իրենց վախերը տարածել մեզ վրա, սահմանափակել մեր ազատությունը ՝ դատավարությունը վերածելով, պարզապես, անհեթեթության: Բայց դուք գիտեք, որ ազատությունը միայն խոսք չէ, դա մտածելակերպ է: Հայրս, նույնիսկ բանտում գտնվելով, հազար անգամ ավելի ազատ է, քան նրանք բոլորը միասին վերցրած։ Ես առաջարկում եմ միասին գտնել արդարության ճանապարհը", - ասել է Սամվել Կարապետյանի որդին։
Նա կոչ է արել բոլորին մասնակցել վաղվա խաղաղ երթին՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի: Նա նշել է, որ հուլիսի 4-ին դատավորը նախատեսում է երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Սարգիս Կարապետյանը կոչ է արել նույն օրը հավաքվել Seasons զբոսայգում՝ խաղաղ երթի:
"Թող մեր ձայնը լսելի լինի, թող արդարությունը հաղթի", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին եղել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (ԱԱԾ շենքում)։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։
Հուլիսի 1-ին Սամվել Կարապետյանի պաշշտպանության խորհուրդը հաղորդել էր, որ հուլիսի 4-ին ՝ ժամը 18:00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի (Մալիբու) Seasons այգում կմեկնարկի քայլերթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալման վայր: