Մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը չափազանց կարևոր և նպատակահարմար է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը: Փորձագետի խոսքով, հանդիպման կազմակերպման հնարավորությունը մեծ է՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարել են երկու երկրի նախագահների հանդիպման պատրաստակամության մասին: Ըստ որում, Սուսլովը համոզված է, որ հանդիպման համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ պատճառներ:
ՙՕբյեկտիվ պատճառը վերջին տարում իրավիճակի սրացումն է ղարաբաղյան հակամարտության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճը և խոշոր տրամաչափի սպառազինության կիրառումը: Գտնում եմ, որ այս առնչությամբ հատկապես վտանգավոր կարող են լինել այնպիսի միջադեպեր, ինչպես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ դիտարկման ընթացքում կրակոցները, որոնք ակնհայտորեն հակամարտության դիվանագիտական կարգավորման խափանման նպատակ են հետապնդում: Դա հանդիպման օբյեկտիվ պատճառն է՝ առնվազն լարվածության թուլացման նպատակով՚,- գտնում է ռուսաստանցի փորձագետը:
Սուսլովի կարծիքով, հանդիպման այլ պատճառ կարող է հանդիսանալ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղիների որոնումը: Նրա խոսքով, այսօր Մոսկվան դիվանագիտական հարձակման աննախադեպ քաղաքականություն է իրականացնում թե՛ սիրական ճգնաժամի կարգավորման հարցում, թե՛ այլ հարցերում:
ՙՌուսաստանն ակնհայտորեն այլ հակամարտությունների կարգավորման շուրջ Արևմուտքի հետ համագործակցության հնարավորություններ է փնտրում, որպեսզի ապացուցի, որ կարող է ինչ-որ հարց լուծել, և նման հակամարտություններից մեկը կարող է ղարաբաղյան խնդիրը լինել, որտեղ միջնորդ են հանդես գալիս Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը: Այդ պատճառով նման հանդիպման անցկացումը Ռուսաստանի կողմից կներկայացվի՝ որպես ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ փաստացի փոխգործակցության նոր փաստ՚,- նշել է Սուսլովը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ պատճառներից մեկը նաև ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ սրացումն է: Փորձագետը հիշեցրել է, որ Անկարան Բաքվի գլխավոր դաշնակիցն է, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Թուրքիան, փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայի պատճառով, կարող էր Ադրբեջանին դրդել ապակայունացնող քաղաքականության ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Քաղաքագետը համոզված է, որ դրանից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար կարևոր է հասնել բարձր մակարդակով այդ հանդիպմանը:
Նա միանգամայն օրինաչափ է համարում նաև Լեռնային Ղարաբաղի ՙազատագրման՚ հարցում Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը:
ՙԱնկարան ամենասկզբից աջակցել է Բաքվին, իսկ վերջին տարիներին թուրքական կողմն ընդհանրապես անցում է կատարել տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականության և նեոօսմանիզմի քաղաքականության՝ ուժեղացնելով Ադրբեջանին աջակցությունը, հայտարարելով, որ ռազմական օգնություն ցույց կլտա վերջինիս: Եվ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունները, կարծում եմ, արտացոլում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս միտումները, որոնք խիստ լարված են՝ Սիրիայի պատճառով: Կարծում եմ՝ Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել թե՛ Մոսկվային, թե՛ Վաշինգտոնին՝ միաժամանակ հասկացնելով, որ լրացուցիչ հաղթաթուղթ ունի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր խափանման տեսքով: Չեմ կարծում, որ իրականում Թուրքիան կգնա դրան, և դրանք ընդամենը դիվանագիտական հայտարարություններ են, որոնք շանտաժի բնույթ են կրում՚,- հայտարարել է Սուսլովը:
Միաժամանակ ռուսաստանցի քաղաքագետը գտնում է, որ դիտարկման ընթացքում միջադեպի առնչությամբ միջնորդների հայտարարությունները քաղաքական-դիվանագիտական բնույթ են կրում, և այլ բան ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից չէր կարելի լսել, նույնիսկ եթե դիմահար կրակ բացեին իր վրա: ՙԱդ հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսանալով՝ Ուորլիքը, ինչպես և ԵԱՀԿ ՄԽ այլ միջնորդներ, ամեն կերպ խուսափում եմ բացահայտ կերպով աջակցել հակամարտության այս կամ այն կողմին: Կարծում եմ՝ դա բավական ճիշտ դիրքորոշում է՝ դիտորդի տեսակետից, քանի որ եթե միջնորդներից որևէ մեկը հստակ մատնանշեր, թե որ կողմից են կրակոցներ հնչել, դա կբացառեր ոչ միայն մինչև այս տարեվերջ, այլ ընդհանրապես մոտ ապագայում բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունը՚,- ասել է Սուսլովը: