Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյան պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում։
«Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ», - այսօր սոցցանցում գրել է Փաշինյանը։
Նշենք, որ ՀԱԵ պետությունից առանձնացված կարգավիճակը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմքերից մեկն է: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների շրջանակում կվերանայվեն եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել էր, թե հայկական բոլոր եկեղեցիները «չուլանացված» են եւ պահանջում են համապատասխան չափորոշիչների ներդրում, քանի որ "այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է": Մայր Աթոռում նրան պատասխանել էին՝ մատնանշելով նրա մոտ ներկայումս "նորաձեւ" կրթության բացակայությունը (Փաշինյանն ու իր տիկինը քարոզարշավ են իրականացնում ՝ "կրթվելը նորաձեւ է" խորագրով - խմբ.), ինչպես նաև "հանրային ճիշտ հաղորդակցության և հարցերի խորը ըմբռնման ներքին ճգնաժամը"։
Հաջորդ օրը վաղ առավոտյան վարչապետը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայհոյախառն գրառում էր կատարել ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների հասցեին, հետո հարց էր տվել թե ՀԱԵ եպիսկոպոսներից քանիսն են հավատարիմ կուսակրոնության ուխտին, նշելով, որ շատերը մտահոգված են, որ ինքը պաշտոնապես ամուսնացած չէ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն, իր հերթին, հոգևորականներին անվանել էր "երկրի գլխավոր մանկապիղծներ": Օրվա վերջում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է "վճռական ձայն" ունենան Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն կենսագրական տվյալների ստուգում: Նա նաև հայտարարել էր, որ ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու ապացույցներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, կներկայացնի դատարանում:
Այդ առնչությամբ նա որոշել է հատուկ համակարգող խումբ ստեղծել կաթողիկոսին պաշտոնանկ անելու համար ։ Համակարգող խմբի առաջին 10 անդամներին կընտրի հենց վարչապետը: