Արմինֆո.Երեւանում "Տաշիր" ընկերությունների խմբի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել: Գրասենյակի շենքի մոտ են Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Գառնիկ Դանիելյանը: ՀՀ Քննչական կոմիտեից հաղորդել են, որ խուզարկություններն իրականացվում են կոնկրետ գործով օպերատիվ քննչական գործողությունների հիման վրա:
Լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշել է, որ Հայաստանում քրեաիրավական, միջազգային, կրոնական գործընթացների մասին կարելի է տեղեկանալ միայն մեկ աղբյուրից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցերի գրառումներից: "Այն ամենը, ինչի մասին նա գրում է առավոտյան, օրվա ընթացքում հնազանդորեն կատարում են ուժային կառույցները։ Ինչպես են պատրաստվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող կառավարիչ նշանակել, երբ արդեն 8 ամիս է՝ չեն կարողանում մասնագետ գտնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնի համար", - ասել է Գեղամ Մանուկյանը։
Գառնիկ Դանիելյանն, իր հերթին, նշել է, որ այն, երկրում տեղի է ունենում, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա պաշտպանների վրա հարձակումները տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի սպառնալիքների տրամաբանության մեջ: "Դա ահաբեկչության, բռնաճնշումների շարունակությունն է։ Բռնապետն իր գրառումներով հրահանգում է ուժայիններին, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։ Դրանով իսկ նա հավանություն է տալիս ճնշման շարունակմանը", - ընդգծել է խորհրդարանականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը սպառնացել էր ընդդիմադիրներին նետել ԿԳԲ-ի նկուղը, իսկ այսօր սպառնալիքներ է հնչեցրել ՀԷՑ-ի աշխատակիցների հասցեին: