Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ այն աշխատակիցների հասցեին, ովքեր զբաղվում են քաղաքական խարդավանքներով:
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին նախատեսված է երթ՝ ի պաշտպանություն "Տաշիր" ընկերությունների խմբի կալանավորված նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի: Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ, իր ունեցած տեղեկություններով, երթին մասնակցելու են նաև ընկերության բազմաթիվ աշխատակիցներ:
Նշենք նաև, որ խորհրդարանում քննարկվում է "Տաշիր" ընկերությունների խմբի կոնտուրի մեջ մտնող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացման հարցը:
"Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ 2 ամսով: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար։ Գործարարը հերքում է իր մեղքը։