
Արմինֆո.Հուլիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, ում բանավոր նոտա է հղվել՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ աարձակելու պահանջով: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդել է, որ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, երկկողմ հարաբերությունների կազմաքանդմանն ուղղված ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի առնչությամբ:
"Դրանց թվում են միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների մատուցմամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում սանձազերծված ռուսատյաց արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների վրդովեցուցիչ, անընդունելի գործողությունները ռուսական "Սպուտնիկ Ադրբեջան" լրատվական գործակալության և նրա աշխատակիցների նկատմամբ, հանրապետությունում Ռուսաստանից կատարողների բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը, այդ թվում ՝ մանկական ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությամբ։
Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հղվել՝ Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին եւ Եվգենի Բելոուսովին անհապաղ ազատ արձակելու պահանջով",- նշել են Ռուսաստանի ԱԳՆ - ում:
Նշվում է նաև, որ վերջերս Եկատերինբուրգում Ռուսաստանի Դաշնության ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալությանն առնչվող իրավիճակի վերաբերյալ ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողություններն իրականացվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ կատարված, քրեական գործերի քննության շրջանակներում։
"Ըստ պատկան մարմինների տեղեկությունների՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին լիազորությունների չարաշահման համար մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին։ Այդ մասին մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն", - հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։