Արմինֆո.Գերմանացի նշանավոր օպերատոր, ռեժիսոր և կինոարվեստի դասախոս Ֆրեդ Քելեմենը կգլխավորի "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի "Կորիզ" կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին:
Ինչպես հաղորդում է կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը, "Կորիզը" "Ոսկե ծիրան" - ի կարևոր մասն է՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) ներկայացման հարթակ:
Այս տարի «Կորիզ» հայկական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում կընդգրկվեն հետևյալ աշխատանքները. «Աշխարհը մերն ա» (Նրա պատմությունը)՝ ռեժ. Արեգ Ազատյան, ԱՄՆ / Հայաստան; «Օձի ապուր»՝ ռեժ. Զաք Դեմիրճյան, Հայաստան; «Մայրենիք»՝ ռեժ.՝ Գոռ Առուշանյան,
Հայաստան / Լեհաստան; «Դորայի դեղին կոշիկները»՝ ռեժ. Գոհար Սարգսյան, Հայաստան; «Հայրիկ, դեռ սիրում ես ինձ, չէ»՝ ռեժ.՝ Մարինա Սոլոյան, Հայաստան; «Զրույցներ և երազներ»՝ ռեժ. Մելանյա Համասյան, Հայաստան / Չեխիա; «Ուղղակի տղայի պես»՝ ռեժ.՝ Բահար Փարս, Հայաստան / Դանիա / Շվեդիա; «Ներիր ինձ, մայրիկ»՝ ռեժ. Արթուր Նազարեթյան, Հայաստան; «Pathologic»՝ ռեժ. Արսեն Սարգսյան, Ռուսաստան / Հայաստան; «Թևավոր լարեր»՝ ռեժ. Աննա Գրիգորյան, Հայաստան / Կանադա:
Նշենք, որ Ֆրեդ Քելեմենը, այսպես կոչված, "դանդաղ կինոյի" ներկայացուցիչ է։ Նրա ֆիլմերը հաճախ ուսումնասիրում են ժամանակակից քաղաքակրթության ճգնաժամը, մենակությունը, բարոյական ավերածությունները և մարդկային գոյության մետաֆիզիկան: Նա հայտնի է արտահայտիչ տեսողական աշխատանքով ՝ հաճախ համատեղելով ռեժիսորի և օպերատորի դերերը։ Քելեմենը համարվում է Անդրեյ Տարկովսկու և Թեո Անգելոպուլոսի փիլիսոփայական և գեղագիտական գծի շարունակողը։
Նա նաև դասավանդում է կինոարվեստ, ներառյալ ռեժիսուրայի և օպերատորական աշխատանքի դասընթացներ Եվրոպական տարբեր կինոդպրոցներում, ներառյալ Լայպցիգի գրաֆիկայի և գրքերի արվեստի բարձրագույն դպրոցը և Լատվիայի մշակույթի ակադեմիան՝ Ռիգայում:-