


Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին է ասվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:
Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և դատապարտել այդ ոճրագործությունը։
«Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-ընդգծել է Նալբանդյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։ Հրապարկված հռչակագրում, Պարագվայի սենատն արձանագրել, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում և ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրև մարդկության դեմ կատարված ոճիր»։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի 23 երկիր, ինչպես նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ ռազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սիերան և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարյան կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը, ԱՄՆ 50 նահանգից 43-ը: Օրերս Ցեղասպանությունը ճանաչեցին նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը:



