Արմինֆո. Այս օրերին Հայաստանի տարբեր մանկապարտեզներում նախատոնական տրամադրություն է՝ հաստատությունների ավագ խմբի սաները ավարտում են իրենց նախակրթական տարին և այդ առիթով կազմակերպվել է տոնական ավարտական հանդես։
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը իր ավագ խմբի սաներին ճանապարհեց դեպի մեծ կյանք: Հանդիսության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան մանկապարտեզի բակում, որտեղ ուսումնառել են շրջանավարտները վերջին երեք տարում: Մանկապարտեզի սաները սիրով ներկայացրեցին այն ամենը, ինչ սովորել էին՝ երգ, պար, բանաստեղծություններ և շատ ժպիտներ։ Հանդիսությունը անցել է լի հույզերով, ուրախությամբ: Ոչ ոք անտարբեր չի մնացել:
Շնորհավորական ուղերձները կրթության պատասխանատուների կողմից էին՝ մանկավարժներ, կրթության կազմակերպիչներ, որոնք փոխանցել են փոքրիկներին ամենաարժեքավորը` գիտելիք:
Մանկապարտեզի տնօրեն Նարինե Արզումանյանի մեծագույն ցանկությունն է, որպեսզի շրջանավարտները դառնան Հայաստանի արժանի քաղաքացիներ` հայրենասիրությամբ և գիտելիքով զինված, գործեն ի շահ երկրի: «Այսօր Ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի մանակվարժներին: Տարիներ շարունակ մանկապարտեզը Ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց: Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր և անաղարտ հարաբերություններով, Ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ: Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորում եմ նաև Ձեզ. այս օրը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու Ձեր մեծագույն դերը սերունդներ կրթելու անձնուրաց գործում։»
«Հրաժեշտ մանկապարտեզին» ամենամյա տարեվերջյան ավարտական հանդեսի սաներին ողջունեց նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արտակ Հովհակիմյանը. «Ես կցանկանամ, որ նախ մենք վերաարժևորենք այն աշխատանքը, որ կատարում են մանկավարժները մեր երեխաների կրթությունը, դաստիարակությունը տնից դուրս ապահովելու համար: Դա չափազանց կարևոր, պատասխանատու, միևնույն ժամանակ շատ գնահատելի գործ է: Ոչ մի երեխա չի մոռանում իր առաջին դաստիարակին, նրա կերպարն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Մենք ինչքանով կարողանում ենք ապահովել մեր երեխաների կրթությունը, դաստիարակությունը, ուսումը, այնքանով մեր երեխաները կյանք են մտնում ավելի գնահատված և ինքնահաստատված: Առաջին հերթին մենք պարտավոր ենք մեր երեխաներին կյանք ճանապարհել՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի հանդեպ անսահման սեր, մեծերի հանդեպ հարգանք: Կրկին շնորհավորում եմ մեր մանուկներին, մաղթում եմ բարի երթ», - նշեց Ա. Հովհակիմյանը: