Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այսօր Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նա ընդգծել է, որ փոխգործակցության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, և հայկական կողմը չի մասնակցի ռազմական դաշինքի այսօրվա աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։