Արմինֆո. Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն հայոց հայրապետական աթոռը, իր գահակալ սրբազնագույն կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ տեր Աստված, փրկի՛ր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,– ասվում է միաբանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին և նրա հոգևորականները հայտնվել են իշխանությունների «թիրախում», որոնք շարունակում են ճնշում գործադրել ՀԱԵ և նրա առաջնորդ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ, ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու համար՝ պահանջելով նրա հրաժարականը: