Արմինֆո. Երեւանի առաջին ատյանի դատարանը հունիսի 28-ի առավոտյան որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է արքեպիսկոպոսի պաշտպանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։
Նրա ասելով՝ դատավոր Մասիս Մելքոնյանը նաև սահմանափակել է արքեպիսկոպոսի շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների և փաստաբանների: Զոհրաբյանն ընդգծել է, որ պաշտպանական կողմը բողոքարկելու է այդ որոշումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Աջապահյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ "Արքեպիսկոպոսը պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը", - հայտարարել է Զոհրաբյանը, հավելելով, որ արքեպիսկոպոսին առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են և անօրինական: Նա նաև նշել է, որ դատավորն ազատ չի եղել որոշում կայացնելու հարցում։
Մյուս փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը, իր հերթին, ավելի վաղ լրագրողներին հաղորդել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: Նրա ասելով՝ արքեպիսկոպոսը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե, այնուամենայնիվ, կալանավորվի, ամեն դեպքում շնորհակալ կլինի Աստծուն, որ հերթական փորձությունն է անցնում: Փաստաբանը նկատել է, որ կալանավորման միջնորդությունն ինքնին խտրական միջոց է, հատկապես, հաշվի առնելով, որ Աջապահյանն ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, հետևաբար, չի թաքնվել:
Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչերի համար։ Ընդ որում, խոսքը մեկ տարի առաջ հնչեցրած կոչերի մասին է։ Սոցիալական ցանցերի հայկական հատվածում ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ այն ժամանակ իրավապահ մարմինները, ուսումնասիրելով հարցազրույցը, եկել էին այն եզրակացության, որ Աջապահյանի հայտարարություններում բացակայում է հանցակազմը, սակայն այժմ մեղադրող կողմը փոխել է իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախօրեին վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում փորձել են ձերբակալել արքեպիսկոպոսին , սակայն հոգևորականների և ծխականների դիմադրության արդյունքում նրանք չեն համարձակվել ձերբակալման գործողություն իրականացնել: Ավելի ուշ արքեպիսկոպոսը լքել է նստավայրը և ուղևորվել Երևան ՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու պատրաստակամության մասին: