


Հայ ազգային կոնգրեսն արդեն սկսել է ուսումնասիրել ընտրողների նախնական ցուցակները և դրանցում ընտրողների թվի ավելացմաննառնչվող կասկածելի փաստեր է հայտնաբերել: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մասնավորապես, ինչպես նշել է պատգամավորը, ուսումնասիրվել են N4և N11 ընտրատարածքների ցուցակները, որտեղ ընտրողների թիվն ավելացվել է 3 հազարով, ինչը, նրա կարծիքով, աննախադեպ է: Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ ցուցակներում անուն և ազգանունների կրկնության բազմաթիվ դեպքեր կան: ՙՀովհաննիսյան Գայանե ցուցակներում հանդիպում է 38 անգամ, Հարությունյան Անահիտ՝ 37, Գրիգորյան Արմեն՝ 36, Հարությունյան Անահիտ՝ 50, Սարգսյան Անահիտ՝ 51: Ընդհանուր առմամբ կրկնվող անունները կազմում է ընտրացուցակների 20-22% -ը, և դա միայն երկու ընտրատարածքների ցուցակներում՚,- նշել է նա: Պատգամավորը նշել է, որ ցուցակներում հանդիպում են անձինք, որոնց անվան կողքին չկա ծննդյան ամիս և օր: Նրա խոսքով, երկու ընտրատարածքում նման դեպքերի թիվը կազմել է 883: Սա ևս կեղծիքների մեխանիզմ է՚,- նշել է նա:
Նա նաև նշել է, որ ընտրողների թիվը 2008 թվականից մշտապես աճում է և հիմա կազմում է 2,6 մլն: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ընտրողների և բնակչության թվի հարաբերակցությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր երկրներում կազմում է միջինը 67%: Իսկ Հայաստանում 2008 թ. այդ ցուցանիշը կազմել է77%, իսկ հիմա՝ 84-85%: ՙՎայոց ձորում այդ ցուցանիշը կազմում է 90% , Կոտայքում՝ 91%, Լոռիում՝ 101%, իսկ Վանաձոր մարզկենտրոնում՝ 113%՚,- ասել է պատգամավորը: Կեղծիքներից խուսափելու համար Մանուկյանը կոչ է արել հրապարակել նաև արդեն քվեարկած քաղաքացիների ցուցակները:



