Արմինֆո. Հունիսի 27-ը՝ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն է։ Մեր երկրում ՄՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին ոլորտների զարգացման գործում: Հայաստանյան բանկերը հանդիսանում են ՓՄՁ ֆինանսավորման հիմնական աղբյուրը․ միայն 2024թ․-ին ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 1.6 տրիլիոն ՀՀ դրամ։
ՓՄՁ վարկավորման ուղղությամբ առաջատար դիրքեր ունենալն արտահայտված է նաև ԱրարատԲանկի տեսլականում։ Բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ։
Միկրո, փոքր և միջին բիզնեսի (ՄՓՄՁ) վարկավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը։ Վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում արձանագրվել է կայուն աճ՝ արտահայտված ինչպես պորտֆելի ծավալների, այնպես էլ սպասարկվող հաճախորդների քանակի աճով։
«Ներկայում մեր ՄՓՄՁ հաճախորդների ընդհանուր թվի մոտ 33.6%-ը կազմում են կին տնտեսվարողները, ինչը կարևոր ցուցանիշ է բիզնեսի ներառականության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ներդրել ենք հատուկ վարկային պրոդուկտներ, որոնք ուղղված են կին և երիտասարդ ձեռնարկատերերի գործունեության խթանմանը»,- նշում է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։
Այս ծրագրերի շրջանակում կիրառվում է ապահովման միջոցների ճկուն քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի բիզնեսների հասանելիություն ունենալ ֆինանսավորմանը։
Բացի այդ, ԱրարատԲանկն ակտիվորեն զարգացնում է կանաչ վարկավորման ուղղությունը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես պատասխանատու բիզնեսների զարգացումը և ներդրումները բնապահպանական նախագծերում։
Նախորդ տարվա դեկտեմբերին ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։
«ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։
Շնորհավորում ենք այն բոլոր հաճախորդներին, որոնք վստահել են մեզ։ Ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել իրենց բիզնեսները հաջողելու և մեծ հաշվով, միասին մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործում։