


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել մինչև ընթացիկ տարվա վերջը հանդիպում անցկացնել և քննարկել հակամարտության կարգավորման հիմնական տարրերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի արդյունքներով տարածած հայտարարության մեջ:
ՙՄենք նախագահների ուշադրությունը հրավիրել ենք զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգի վրա: Ծանր սպառազինության օգտագործումը, այդ թվում՝ ականանետների և հրթիռային կայանքների, անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիների շրջանում կորուստների և զոհերի համար, և հուսով ենք, որ կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները՝ բռնությունից խուսափելու նպատակով: Մենք ներկայացրել ենք իրավիճակի կայունացմանը և բանակցությունների համար կառուցողական մթնոլորտի ստեղծմանը վերաբերող առաջարկներ՚,- նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Բաքու այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: ՙՄենք խրախուսում ենք հակամարտության ընթացքում տուժած բոլոր կողմերի միջև երկոսությունը՝ որպես խաղաղարար գործընթացի անբաժանելի մաս՚,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները տեղեկացրել են նաև, որ Երևանում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ հետ և քննարկել անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակմանը և հումանիտար միջոցներին առնչվող հարցեր:
ՙՀամանախագահների կողմից շփման գիծը հատելուց հետո անհայտ վայրից կրակոցներ են հնչել, որոնք ստիպել են ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Կողմերը երաշխավորել են դիտորդական անձնակազմի անվտանգությունը: Այս միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու դիտավորյալ փորձ է՚,-ասված է միջնորդների հայտարարության մեջ:
Նշենք,ո ր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը /ՌԴ/, Ջեյմս Ուորլիքը /ԱՄՆ/ և Պիեռ Անդրյոն /Ֆրանսիա/, ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հոկտեմբերի 26-28-ին գտնվել են տարածաշրջանում և հանդւպումներ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:



