Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկ ջոկատայինները մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: Բակում ներկա լրագրողներին ուժայինները դուրս են բերել։
«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք: Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը», - սոցցանցում գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը:
Ավելի վաղ իրավաբան Արա Զոհրաբյանը հաղորդել էր, որ ՔԿ քննիչը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում է կայացրել, իսկ հետո նրան կտանեն կալանքի:
Քրեական գործը հարուցվել է ս.թ. հունիսի 17-ին՝ ՆԳՆ-ում ստացված ահազանգի հիման վրա։ Քրեական գործի համար առիթ է դարձել 2024 թվականի փետրվարին արքեպիսկոպոսի հարցազրույցը, իբր, իշխանությունը բռնությամբ զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մասին, շարունակել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր "Սրբազան պայքարի" անդամների կողմից Հայաստանում իշխանությունը բռնազավթելու նպատակով ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա կողմնակիցների տներում լայնածավալ խուզարկություններ են կատարվել։ Նույն օրը երեկոյան դատարանը նրանց կալանավորել է։