Արմինֆո. Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև նրանց ծանր մեղադրանքների առաջադրումը։ Այդ մասին ասվում է ԱԺԲ խորհրդի հայտարարությունում:
«Գործող վարչախմբի կողմից այս հերթական ապօրինի գործողությունները, որոնք ներկայացվում են որպես իրավական գործընթաց, իրականում կրում են քաղաքական հաշվեհարդարի հստակ բնույթ, քանի որ ի սկզբանե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ուղղորդել են իրավապահներին՝ կատարելով բացահայտ քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ։
Նման միջամտությունը խաթարում է դատարանների անկախությունն ու օրենքի գերակայության սկզբունքը։
Իրավապահ մարմինների կողմից իրականացված այսպիսի կոշտ գործողությունները ոչ միայն զուրկ են բավարար իրավական հիմքերից, այլև հիմնվում են խոտոր ընթացակարգով ձեռք բերված հետևությունների և իրավական առումով խիստ կասկածելի ու անհամաչափ մեղադրանքների վրա։
Անձանց անմեղության կանխավարկածը խախտվել է դեռևս պաշտոնական գործընթացի մեկնարկից առաջ՝ իշխանության ներկայացուցիչների քաղաքական մեկնաբանությունների և ուղղորդված քարոզչության հետևանքով։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հաստատակամ է շարունակելու պայքարը՝ հանուն ազգային արժանապատվության, անկախ պետականության և ժողովրդի ինքնիշխան կամքի ազատ արտահայտման։ Միաժամանակ Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պայքարելու ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և իրավապաշտպան կառույցներին հստակ դիրքորոշում արտահայտել կոլաբորացիոն ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների առնչությամբ», - ասվում է հայտարարությունում։