Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և, բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը»:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Առավոտյան հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ և կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, Ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի: Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, և ես այս պահին չունեմ որևէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից: Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»:
Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրային արձագանքներին. «Մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց. օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»։