Արմինֆո. Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Այդ մասին գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Մենք մտել ենք մեր պատմության նոր փուլ։ Սա նախասիրությունների խնդիր չէ, սա իրականություն է։ Փորձենք հասկանալ նրա պարամետրերը.
1. Ներքին օրակարգի թիվ մեկ թեման երկար ժամանակ լինելու են կալանքը, մեկուսարանը, ցուցմունքը, կեղծ մատնությունը, փաստաբանը և այլն։ Զզվելի, գարշահոտ մթնոլորտ։ Նման փուլերում անխուսափելի են կեղծ մատնությունները, ուղղորդված կեղծ ցուցմունքները, զանգվածային ապատիան։
2. Ձևավորված ներքին տոքսիկ մթնոլորտում մենք բաց ենք թողնելու արտաքին պրոցեսները։ Մեր ներքին օրակարգը թույլ չի տալու դիմակայել արտաքին պահանջներին, հաշվարկել մեզ ներկայացվող պահանջների ռիսկերը և լուծման ճանապարհները։
3. Չափազանց դժվարանում է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը։ «Չափազանցը» շատ մեղմ է ասված։ Ադրբեջանը բոլոր փորձերին, բոլոր միջնորդություններին հակազդելու է՝ ցույց տալով Հայաստանում կատարվողը։
4. Որակապես նոր փուլ է մտնում Հայկական աշխարհի մասնատումը։ Եկեղեցու դեմ արշավն ուղիղ համեմատական է այս պրոցեսին։ Իրարից և երկրից օտարանալու ենք իսկական օտարի աստիճանի։
5. Հայաստանի տնտեսությունը դառնում է «Հյուսիսային Կորեա»։ Մասնավոր լուրջ ներդրողների համար մենք դառնում ենք փակ երկիր։
6. Եթե ՀԷՑ-ի ազգայնացման ծրագիրը իրականացվի, ապա արտաքին քաղաքական ներդրողները փորձելու են կոպեկներով վերցնել Հայաստանի համակարգաստեղծ ձեռնարկությունները։ Մի մասը փակվելու է՝ հարևանների պահանջներով, մի մասն էլ «ազգայնացվելու է» այլ ազգերի (պետությունների) կողմից։
Կա՞ արդյոք ելք
Պետք է համառորեն առաջ տանել ներքին համերաշխության և ծրագրային մտածողության գիծը։ Բոլոր ժամանակներում էլ «Հիմա´» գոռացողների պակաս չի եղել։ Բայց դա ելք չէ։
Իհարկե, ամեն օր, հիմա, պետք է անել կոնկրետ քայլեր, սակայն՝ մտքում ունենալով հստակ ծրագիր և քաղաքական միտք։ Թվարկած բոլոր ծայրահեղ ռիսկերը միայն այդպես կարելի կառավարել, չեզոքացնել։ Պետք է համառորեն աշխատել, որ արդյունք լինի։
Ու հարցն այն է, թե ո´ւմ ինչ արդյունքն է կարևոր։ Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավ։ Վստահ եմ, որ Հայաստանի 90 տոկոսն ուզում է հանդարտ, արժանապատիվ, անհայհոյանք կյանք։ Ուրեմն՝ առաջարկենք, ցույց տանք ինքներս մեզ այդ ճանապարհը։ Սա բարդ է, բան չունեմ ասելու, սա պահանջում է աշխատանք, ռեսուրս, համակեցության կանոններ, աշխատելու մշակույթ, գրագիտություն և այլն, բայց ուրիշ հաջող ճանապարհ չկա», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։