Արմինֆո. Հետխորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար, "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական դատավարությունից հետո, այս անգամ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների նկատմամբ, հարց է տվել. «եւ դատապարտում ենք, հետո ի՞նչ»:
Քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում գրել է. «Եվ դատապարտում ենք, հետո ինչ: Այսպես էլ պիտի լիներ։ Սրբազանն ու հայրենակիցները հաջորդ քաղբանտարկյալներն են, արդեն կարեւոր չէ՝ հերթական, թե արտահերթ։ Այս փաստագրումից այն կողմ, սակայն, անջրպետ է, հարատև ունայնություն է եւ նույնի շարունակությունը: Իհարկե, եթե այդ հայկական «մեկ բանը» չփոխվի մեր մեջ։
Անգո հերոսիկը կընդարձակի ամենաերեսպաշտ իր հաղթարշավը՝ քայլ առ քայլ եւ մարդ առ մարդ, եթե բուն ժողովուրդն իսկույնեւեթ չհրաժարվի կուռքերի միագլուխ շարահանդեսից՝ փոխարենը ծնելով հավաքական պատասխանատվությամբ աննախադեպ մի համախումբ ճակատ։
Թե ոչ՝ բոլորս ենք մեղավոր, եւ ոչ միայն մեր նորագույն հայրենազրկման՝ Արցախի հանձնման, Հայաստանի Հանրապետության ծվատման, մեր հինգ հազար բյուրեղյա տղոց նահատակման, Մարտիմեկի եւ լիքը այլ բաների համահանցավորը։
Եթե դատապարտումը չհասնի գործի, եւ Հայոց պատմության սույն անհոդաբաշխ հղումը շարունակի մի ողջ Հայրենիքի անձնատրությունը՝ վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանը»։