Արմինֆո. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Պրահայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ փաստացի հայաստանցիների հետ նամակագրության և հրապարակային հակապատերազմական դիրքորոշման համար: Այդ մասին հաղորդում է BBC - ի ռուսական ծառայությունը:
Հետաքննության վարկածով՝ երիտասարդ գիտնականը հայկական հատուկ ծառայությունների պատվերով գրել և թարգմանել է ադրբեջանական իշխանություններին քննադատող հոդվածներ։ Սակայն դատապարտյալը կտրականապես հերքում է դա, իսկ նրա պաշտպանական կողմը հիշեցնում է, որ մեղադրանքը հիմնված է բացառապես Բահրուզից առգրավված երեք հայ կանանց հետ նամակագրության վրա, որտեղ "պետական դավաճանության" հանցակազմ չկա:
Ընդ որում, դատապարտված քաղաքագետի պաշտպանների խոսքով, հայրենիքում Սամեդովը հայտնի է ադրբեջանական իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ, որը նա բացահայտ արտահայտել է արտասահմանյան պարբերականներում: Պաշտպանությունը վստահեցնում է, որ ձերբակալության իրական պատճառը հենց գիտնականի հակապատերազմական հայացքներն են, եւ դա "իր արտացոլումն է գտել նաեւ գործի նյութերում":
Սամեդովի դեմ հարուցված քրեական գործի մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա օգոստոսին, երբ արձակուրդներին Բաքու ժամանելուց հետո նա սկզբում անհետացել էր, իսկ շուտով հայտնի էր դարձել նրա ձերբակալության մասին: Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքագետի գործը հարուցվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից՝ 274 - րդ հոդվածով (հայրենիքի դավաճանություն)՝ իբր հայկական հատուկ ծառայությունների հետ ադրբեջանցի քաղաքագետի համագործակցության համար։
Ապրիլին, արդեն կես տարուց ավելի գտնվելով մեկուսարանում, Սամեդովը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում խնդրել էր պաշտոնապես հաստատել, որ իրականում հայկական հատուկ ծառայությունների հետ որևէ համագործակցություն չի եղել:
Ադրբեջանի Քրեական օրենսգրքում պետական դավաճանության համար նախատեսված է 12-20 տարվա ազատազրկում, որոշ դեպքերում ՝ նաև ցմահ ազատազրկում: ՊԱԾ-ը դատավորին խնդրել է 16 տարով ազատազրկել Սամեդովին։
Ինչպես լրագրողներին հաղորդել է նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, հունիսի 19-ին, իմանալով, թե ինչ ժամկետ է պահանջում իր համար դատախազությունը, Բահրուզ Սամեդովը մեկուսարանում չոր հացադուլ է հայտարարել։ Երբ դրան ոչ մի արձագանք չի եղել, անցած շաբաթ օրը Սամեդովը մեկուսարանում ինքնասպանության փորձ է կատարել։