Արմինֆո. Մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլըա շրջանում հույն ուղղափառ համայնքի Սուրբ Եղիա եկեղեցու վրա կատարված ահաբեկչական հարձակումը հերթական անգամ բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է լիբանանահայ դաշնակցական Գևորգ Դաղլյանը:
"Մայրաքաղաք Դամասկոսի Տուէյլըա շրջանին մէջ գտնուող Յոյն Ուղղափառ համայնքի Սուրբ Եղիա եկեղեցւոյ մէջ կատարուած ահաբեկչական յարձակումը, որ կիրակնօրեայ աղօթքի ընթացքին խլեց բազմաթիւ հաւատացեալներու կեանքեր եւ տասնեակներ վիրաւորուեցան։ Այս նողկալի յարձակումը, որ ուղղուած էր հաւատացեալներուն, կրկին կը բացայայտէ ահաբեկչութեան մութ դէմքը, որ չի տարբերեր համայնք կամ եկեղեցի եւ կը ձգտի ապակայունացնել շրջանը եւ խաթարել դարեր շարունակ սուրիացիները բնորոշող խաղաղ գոյակցութեան։ Աստուած օգնական", - գրել է Դաղլյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցու վրա մահապարտ ահաբեկչի հարձակման մասին: Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է, առնվազն, 20 մարդ, ևս 52-ը վիրավորվել են: Ըստ համայնքային լրատվամիջոցների՝ զոհերի և տուժածների թվում հայեր չկան: