Արմինֆո. ՀԱՊԿ անդամության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Հայաստանը: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Պանկինը՝ պետերբուրգյան XXVIII միջազգային տնտեսական համաժողովի "հարթակներում"։
"Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը, որը, ինչպես իրենք են արտահայտվում, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան, այնուամենայնիվ, պետք է, հավանաբար, սթափ նայի սեփական անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական ձևաչափով։ Որոշումը, ամեն դեպքում, պետք է կայացնեն Հայաստանի իշխանությունները", - նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։