Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ՝ «Արմավիր» ՔԿՀ-ից:
«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին
Մաս 1
Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում: Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր: Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, ինչին ի պատասխան, բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից ։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Նրա պաշտպանական թիմն արդեն բողոքարկել է դատավճիռը վերադաս ատյանում։