
Առաջիկա տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում լուրջ տեղաշարժեր ակնկալելու հարկ չկա, համոզված է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի ասելով, ղարաբաղյան հակամարտությունը չունի ինչ-որ յուրահատուկ տարրեր, որոնք թույլ տան արագացնել դրա կարգավորումը: «Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, գործնականում, քառորդ դար, սակայն լուրջ առաջընթաց այդպես էլ չկա: Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում գնալ փոխզիջման` ոչ մի հարցում, նավթադոլարները մթագնել են դրանց միտքը», - հայտարարել է քաղաքագետը` հոկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Ընդ որում Մինասյանը կարծում է, որ Իլհամ Ալիևը դարձել է սեփական ագրեսիայի քաղաքականության պատանդը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցին` փորձագետը նշել է, որ դրանք սկսել են պարբերական բյույթ կրել և նպատակաուղղված են սոսկ բանակցային գործընթացի շարունակմանը: «Նույնիսկ եթե համանախագահներին հաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, այն կկրի ձևական բնույթ, և չարժե դրա հետ ինչ-որ լուրջ հույսեր կապել», - ընդգծել է փորձագետը:
Միևնուն ժամանակ, Մինասյանը կարծում է, որ միջնորդների կողմից նոր առաջարկությունների հրապարակումը նպատակ ունի կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչով շահագրգռված չէ պաշտոնական Բաքուն:
«Ադրբեջանը համոզված է, որ հակամարտության գոտում լարվածության թուլացումը միայն կամրապնդի գոյություն ունեցող ստատուս-քվոն, ինչում նա շահագրգռված չէ: Բաքուն հասկանում է, որ ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու միակ գործիքն իրավիճակի սրումն է ղարաբաղյան հակամարտության գոտում», - ընդգծել է նա: Այդ համատեքստում նա հավելել է, որ այդ ռազմավարությունն սկսել է օգտագործվել Իլհամ Ալիևի օրոք, որը, թվում է, դարձել է սեփական քաղաքականության պատանդը և չի կարող դրանից հրաժարվել:
Մինասյանը նաև համոզված է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում լուրջ գործիքներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: «Բաքուն յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում կսրի իրավիճակը հակամարտության գոտում: Կարծում եմ, որ եթե նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության շրջանում սկիզբ առնեն ինչ-որ անցանկալի գործընթացներ, Ալիևը կրկին կդիմի իրավիճակի սրման», - եզրափակել է Մինասյանը: