Արմինֆո. Հունիսի 19-ին տեղի է ունեցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամների հանդիպումը Աբովյան քաղաքում բնակվող արցախցիների հետ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հաղորդագրության համաձայն, խորհուրդը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է իր ձևավորման և գործունեության ընթացքը, մինչ այսօր կատարած քայլերը, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու գործողությունները։
«Մեր հայրենակիցները վճռորոշ են տրամադրված, կանգնած են Խորհրդի կողքին և պատրաստ են մասնակցել երկարաժամկետ պայքարին՝ միասին առաջ տանելու մեր համատեղ օրակարգը։
Տեղում կազմավորվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Աբովյանի թիմը։
Նշենք, որ օրեր առաջ արդեն ձևավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմը։
Խորհուրդն առաջիկա օրերին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ։
Եվ ինչպես խոստացել ենք հունիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ հունիսի 23-ը լինելու է Խորհրդի առաջիկա գործողությունների հայտարարման օր։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Էջմիածնում՝ հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Էջմիածնի Հայորդաց տանը՝ Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ», - ասվում է հաղորդագրությունում։