Արմինֆո. 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրել են միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամներին։
Ինչպես հաղորդել է կինոփառատոնի մամուլի ծառայությունը, ժյուրիի կազմում են. Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը; հունական Նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրող Աթինա Ռախիլ Ցանգարին; միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը; ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող Ադա Սոլոմոնը։
Նշենք, որ «Ոսկե ծիրան» 22-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն: Այս տարի «Ոսկե ծիրանը» կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում՝ հուլիսի 13-20-ը: Ավանդույթի համաձայն, հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր միջազգային հեղինակավոր կինոփառատոններից, սպասվում է անվանի կինոգործիչների այցը, ովքեր կներկայացնեն իրենց փորձն ու արվեստը: