Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի ընթացքում, հնարավոր է, կնքվի խաղաղության շուրջ համաձայնագիր կամ ստորագրվի նախնական փաստաթուղթ։ Այդ մասին գրում է "Հրապարակ" թերթը։
"Արդեն մի քանի օր փորձագիտական շրջանակներում ասում են, որ Ալիևն էլ է մեկնում Թուրքիա (հունիսի 19-խմբ.), և Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են համաձայնության գալ՝ ստորագրել համաձայնագիր, որը կնշանակի երրորդ կողմի ռազմական ներկայության բացառում։
Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմակայանը դուրս կբերվի Հայաստանից։ Համաձայնագիրը կունենա նաև հավելված, որում կներառվեն Ալիևի բոլոր մյուս պահանջները, ներառյալ 300 հազար ադրբեջանցիների "վերադարձը" Հայաստան", - նշում է պարբերականը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը հաստատել էր հունիսի 20-ին Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունը, սակայն չէր բացահայտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մանրամասները:
Ավելի վաղ 24news գործակալությունը, որն առաջինն էր հաղորդել Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հրապարակել է այցի մանրամասները։ «Մեր հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ ստորագրելու հարցը, որի շուրջ բանակցություններն այժմ ընթանում են երկու վայրում: Առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնն է՝ այս տարվա սեպտեմբերին, երկրորդ՝ ԱՄԷ-ն, ինչը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին», - գրում է գործակալությունը։ Նշվում է, որ Փաշինյանին հաջողվել է հանել ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախապայմանը, ադրբեջանական կողմին հայտարարելով, որ դրան հասնել ուղղակի անհնար է (դա հաստատում են սոցհարցումները), և նման զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Փոխարենը՝ նա "պարտավորվել է հարված հասցնել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում"։ Երկրորդ նախապայմանը կարող է լինել ռուսական ռազմակայանի դուրսբերումը՝ փաստաթղթի ստորագրումից հետո, գրում է 24News-ը ։ Եվ կա նաև երրորդ պայման. այն վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցություններին։