Արմինֆո. Ռուսական "Տաշիր" խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Ֆրանսիայի հետ դատական գործընթաց է սկսել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID - Համաշխարհային բանկի խմբի մաս է կազմում, կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում):
Դատական հայցը, հավանաբար, վերաբերում է գործարարի՝ Կոտ դ'Ազուրում (Լազուր ափ) կալանքի տակ գտնվող 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլային: Այդ մասին հաղորդում է "Կոմերսանտ" թերթը՝ վկայակոչելով դատարանի համապատասխան տվյալների բազան։
Պարբերականի տվյալներով՝ Հայաստանում գործարարի քրեական հետապնդումը կարող է թուլացնել նրա դիրքերը ֆրանսիական իշխանությունների դեմ դատում: Գործի նյութերը և պահանջների էությունը նշված չեն, բայց վեճի առարկա է դարձել անշարժ գույքը: "Տաշիր" ԸԽ-ում և ICSID-ում չեն պատասխանել "Կոմերսանտ"-ի հարցմանը:
2024 թվականի սկզբին ֆրանսիական դատարանը սառեցրել էր Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքը Irina Maria վիլլայի և 3 հա հողատարածքի նկատմամբ Ռոքբրուն Կապ Մարտենում՝ Ռուսաստանի ներկայիս իշխանություններին մոտ լինելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղսագրվում են պետական կարգը տապալելու կոչեր։ Գործարարը հերքում է այդ մեղադրանքները։