Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ի հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը։ Այդ մասին հայտարարում է քաղաքագետ Վահե Դավթյանը:
«Ավելին` ազատականացմանն է հակասում նույնիսկ պետականաացման մասին որևէ հիշատակում, առավել ևս` քաղաքական համատեքստում։
Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային` "ручной режим"-ով։
Ինչպես և ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ընկերություն, ՀԷՑ֊ը ևս առանձնանում է բազմաթիվ խնդիրներով, որոնց ինքս բազմիցս հրապարակավ անդրադարձել եմ։
Սակայն նախ` անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական֊կոնյունտուարային նպատակներով օգտագործելը։
Միաժամանակ, ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։
Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։
Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։
Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։
Այսպիսով, տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի մոտալուտ սեփականաշնորհման մասին: Նրա խոսքով՝ ընկերության գործունեությունը հանգեցրել է երկրում էներգետիկ ճգնաժամի։