Արմինֆո. Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Մասնաճյուղն առանձնանում է ժամանակակից լուծումներով և նորաոճ ինտերիերով, որը բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը դարձնում է հարմարավետ և արագ։ Մասնաճյուղը հագեցած է 24-ժամյա ռեժիմով աշխատող բազմաֆունկցիոնալ տերմինալներով, որոնք հաճախորդներին հնարավորություն կտան մասնաճյուղի աշխատանքային ժամերից դուրս ևս իրականացնել ֆինանսական գործարքներ։
«Սեբաստիա» մասնաճյուղը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Զորավար Անդրանիկի 24/1 հասցեում։ Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:15-ից մինչև 16:45, շաբաթ օրերին՝ 10:15-ից մինչև 13:45։
Ինչպես նշեց Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ, Ցանցային վաճառքների վարչություն պետ Արսեն Թամազյանը․ ««Սեբաստիա» մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը պայմանավորված էր բանկի հաճախորդների բազայի ակտիվ աճով։ Հետևաբար, ևս մեկ սպասարկման կենտրոնի բացումը տրամաբանական է և ժամանակին։ Մասնաճյուղը նախագծվել է՝ կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, սպասարկաման բարձր որակն ու անվտանգությունը»։
Հարկ է նշել, որ Արդշինբանկն ունի 72 մասնաճյուղից բաղկացած ցանց, որն ամենամեծն է հանրապետությունում։ Մասնաճյուղերից 28-ը գտնվում է Երևանում, իսկ 44-ը՝ մարզերում։