Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատել է, որ հունիսի 20-ին կայցելի Թուրքիա, սակայն չի բացահայտել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման օրակարգը:
«Այո, կա այդպիսի ծրագիր: Այցի օրակարգում կլինի համատեղ հայտարարություն։ Կարող եմ ասել, որ այո, այցը նախատեսված է, և դրա վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար ես կասեմ այն, ինչ արդեն հայտնի է այս պահին», - ասել է նա՝ հունիսի 18-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
ՀՀ վարչապետի Թուրքիա այցի մասին տեղեկությունը մեկ օր առաջ հաստատել էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հաղորդել էր, որ վարչապետը Թուրքիա կայցելի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Իսկ 24news գործակալությունը, որն առաջինն էր հաղորդել Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հրապարակել է այցի մանրամասները։ «Մեր հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ ստորագրելու հարցը, որի շուրջ բանակցություններն այժմ ընթանում են երկու վայրում: Առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնն է՝ այս տարվա սեպտեմբերին, երկրորդ՝ ԱՄԷ-ն, ինչը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին», - գրում է գործակալությունը։
Նշվում է, որ Փաշինյանին հաջողվել է հանել ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախապայմանը, ադրբեջանական կողմին հայտարարելով, որ դրան հասնել ուղղակի անհնար է (դա հաստատում են սոցհարցումները), և նման զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Փոխարենը՝ նա "պարտավորվել է հարված հասցնել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում"։
Երկրորդ նախապայմանը կարող է լինել ռուսական ռազմակայանի դուրսբերումը՝ փաստաթղթի ստորագրումից հետո, գրում է 24News-ը ։ Եվ կա նաև երրորդ պայման. այն վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցություններին ։