Արմինֆո. Կապիտալիզմում կան դոգմաներ, դրանցից մեկը սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն է: Այդ մասին հիշեցրել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ նշելով այն խնդիրները, որոնց Հայաստանը կարող է բախվել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ազգայնացնելու փորձի ժամանակ։
«Վերաազգայնացման (renationalization) մասին
Կապիտալիզմում կան դոգմաներ, դրանցից մեկը սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն է։ Երբ խոսք է գնում ազգայնացման կամ ավելի ճիշտ կլինի ասել վերաազգայնացման մասին, մանավանդ, ստիպողաբար, միգուցե նաև առանց փոխհատուցման, դա անխուսափելիորեն բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա։ Այդպիսի նախադեպերը խիստ վտանգավոր են (օրինակ, Վենեսուելա, Բոլիվիա)։
Ես միջազգային ներդրումային իրավունքի մասնագետ չեմ, բայց ՀԷՑ-ի դեպքում միջանկյալ սեփականատեր ընկերություններից մի քանիսը գրանցված են Կիպրոսում, որի հետ ունենք ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագիր, ինչը թերևս թույլ կտա Կիպրոսի ռեզիդենտ ընկերություններին դիմելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Ակամայից Հայաստանի Հանրապետությունը բախվում է ռիսկերի, որոնք արդարացված չեն», - գրել է Ֆանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն էր կատարվել այն բանից հետո, երբ նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, շեշտելով, որ հայ եկեղեցին հարձակման է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, ովքեր մոռացության մատնելով հայոց պատմությունը, մոռանալով հայկական եկեղեցիների հազարամյա պատմությունը, այժմ թիրախավորել են ՀԱԵ-ն և հայ ժողովրդին: "Ես միշտ եղել եմ ՀԱԵ և հայ ժողովրդի կողքին։ Եթե Հայաստանի քաղաքական ուժերին չհաջողվի հաղթահարել այս իրավիճակը, մենք պետք է միջամտենք Եկեղեցու դեմ արշավին", - ամփոփել էր Կարապետյանը։
Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում կտրուկ արտահայտություններ էր հրապարակել։ "Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա, - գրել էր նա ։ Փաշինյանը սպառնացել էր սանձել "անառակ հոգևորականներին" և նրանց "անառակ բարերարներին"։
Դրան հաջորդել էր Ազգային ժողովում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակն է քննարկել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագծի մաս կազմող "էլեկտրացանցերի" ազգայնացման հարցը:
Այնուհետև հաղորդվել էր, որ ուժայինները խուզարկել են Կարապետյանի երևանյան առանձնատունը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մոտ 45 մարդ բերման էր ենթարկվել։
Գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը և Նարեկ Կարապետյանը իրավապահների ուղեկցությամբ դուրս էին տնից և նստել ոստիկանական մեքենա: "Թքած ունեմ եւ նրանց, եւ նրանց էլեկտրացանցերի վրա", - լրագրողներին ասել էր Կարապետյանը։ Նա հավաստիացրել էր, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ, միևնույն է, ժողովուրդն իր խոսքը կասի։
Այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարել է, որ ժամանակն է ազգայնացնել "Հայաստանի էլեկտրական ցանցերը", որոնք պատկանում են Սամվել Կարապետյանին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու կոչերի համար: