Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցերն" իր գործունեությամբ հանգեցրել է երկրում էներգետիկ ճգնաժամի առաջացման։ Այդ մասին հունիսի 18-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նրա ասելով՝ դեռ մեկ ամիս առաջ ինքը պատասխանատու անձանց հանձնարարել էր զբաղվել ցանցերի շուրջ ստեղծված իրավիճակով։ Ընկերությունը պետք է, կամ, մեկ ամսվա ընթացքում փոխհատուցի բնակչությանը, պետական կառույցներին և մասնավոր հատվածին հասցված վնասը, կամ ենթակա է անհապաղ ազգայնացման: ՀՀ Ազգային ժողով արդեն ներկայացվել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության ազգայնացման մասին օրենքի նախագիծը:
"Այդ պատճառով պատահական չէ ՓԲԸ ազգայնացման անհրաժեշտության մասին իմ գրառումը սոցիալական ցանցերում։ Նրա աշխատանքը չի կարող որեւէ մեկի մոտ բավարարվածություն առաջացնել։ Գրեթե յուրաքանչյուր բնակավայրում, որ ես այցելում էի, նույն բանն էր հնչում. հոսանքի անջատումների և ընդհատումների հետևանքով մեկ լվացքի մեքենա է այրվել, մեկ՝ հեռուստացույց։ Այստեղ հարց է առաջանում, թե ով պետք է պատասխան տա այդ ամենի համար",- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ նշելով էլեկտրաէներգիայի անջատման բազմաթիվ դեպքեր։ Փաշինյանը նշել է, որ ոմանք փորձում են Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությունն օգտագործել որպես քող՝ ընկերությունում առկա խնդիրներն արդարացնելու համար:
Նշենք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած "Տաշիր" ընկերությունների խումբը 2015 թվականի սեպտեմբերին "Ինտեր ՌԱՕ"-ից ձեռք է բերել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը: Ավելի վաղ Սամվել Կարապետյանը նշել էր, որ 2016 թվականից ի վեր, երբ "Տաշիր" ընկերությունների խումբը ստանձնել է սեփականության իրավունքը, "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ում ներդրվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 900 մլն դոլար, որից 680 մլն՝ արդիականացման, և 200 մլն՝ նոր հզորությունների ստեղծման համար: