


ԱՄՆ 80-ից ավելի կոնգրեսականներ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնջելի գլխավորությամբ բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահի վարչակազմին` կոչ անելով նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ), կոնգրեսականները, մտահոգություն հայտնելով լարվածության աճի առնչությամբ, նամակում նշել են, որ ԱՄՆ ներկայիս քաղաքականությունը չի աշխատում: «Վարչակազի քաղաքականությունը հակամարտության նկատմամբ պետք է փոխվի», - ասվում է նամակում: Ինչպես հայտարարել են կոնգրեսականները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբին հասցեագրված նամակում, իրենք հանդես են գալիս «խելամիտ առաջարկություններով` հետագա բռնությունը կանխելու նպատակով»: Մասնավորապես, կոնգրեսականները կողմերին կոչ են անում հետ քաշել դիպուկահարներին, միաժամանակ, կազմակերպել առաջավոր տեղորոշման համակարգերի տեղակայում շփման գծի երկայնքով` առավել ստույգ և ժամանակին դիտարկում իրականացնելու համար:



