Արմինֆո. Ռուս ուղղափառ եկեղեցին "մեծ անհանգստությամբ" է ընկալում Հայաստանի իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի վրա, աշխարհիկ պետությունում եկեղեցու ներքին գործերին նման միջամտությունն անթույլատրելի է: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի սինոդալ բաժնի ղեկավարի տեղակալ Վախթանգ Կիպշիձեն։
"Մենք մեծ մտահոգությամբ ենք ընկալում այն բացասական մեդիաֆոնը, որը ստեղծվում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, որի հետ մեր Եկեղեցին պահպանում է երկարամյա քույրական հարաբերություններ ։ Այդ եկեղեցու առաջնորդի վրա հարձակման փորձերը միջամտություն են նրա ներքին գործերին, որն աշխարհիկ պետության իշխանությունների համար անթույլատրելի է", - ասել է նա, հաղորդում Է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին: Նախ՝ կառավարության նիստում նա հայկական եկեղեցիները համեմատեց «չուլանների» հետ։ Այնուհետեւ հաջորդեցին նրա հայտարարությունները սոցիալական ցանցերում, որտեղ Հայաստանի վարչապետը կոպիտ բառապաշար էր օգտագործում ՀԱԵ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ Վարչապետը պահանջել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոոգեւորականները կարգալույծ արվեն։ Համանման հարձակումներով հանդես է եկել նաև վարչապետի կինը ՝ Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին Փաշինյանը կոչ է արել "գործուն քայլեր "ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխարինմանը եւ հայտարարել է հատուկ համակարգող խումբ ստեղծելու մտադրության մասին՝ Վեհարանն ազատելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նոր ընտրությունների անցկացման կազմակերպչական հարցերի կարգավորման համար: Փաշինյանը հստակեցրել է, որ համակարգող խմբի առաջին 10 անդամներին պատրաստվում է ինքն ընտրել։
Նկատենք, որ Փաշինյանի այդ գործողությունները հակասահմանադրական բնույթ են կրում, և, իրավաբանների գնահատմամբ, երկրում սահմանադրական կարգը տապալելու փորձ են։